ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Ամաչում եմ անպատվության համար, որ պատճառվում է սրբազան եկեղեցուն»

«Ամաչում եմ անպատվության համար, որ պատճառվում է սրբազան եկեղեցուն»
17.01.2017 | 12:04

Ես հայ քրիստոնյա եմ: Հայ առաքելական եկեղեցու ծիսական, տաղավար տոներին մասնակցելու համար գնում եմ Կաթողիկե եկեղեցի (Աբովյան և Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում), որովհետև բնակավայրիս քիչ թե շատ մոտիկ գործող եկեղեցի չկա (ապրում եմ Դավիթ Անհաղթ փողոցի մոտերքում): Առանձնապես դժվարանում եմ Ճրագալույցին. երեկոյան, ճրագը ձեռքիս (աչքս կրակին, որ չհանգչի), քայլելով ահագին երկար ճանապարհ մինչև ամենամոտակա կանգառը (Աբովյան-Իսահակյան հատվածում), բախտի բերմամբ երթուղային որսալով, հասնում եմ իմ կանգառը, ապա որոշակի հատված շատ զգուշորեն անցնելով` ճրագը մտցնում եմ տուն: ՈՒրախության ու թեթևացման հոգոց արձակելով` ինձ վարձատրված եմ զգում տոնական մոմի ու կրակի ներկայությամբ: Բայց հասկանալի է, որ իմ երթի անհարմարությունները շատ են: ՈՒստի ուրախացա, երբ իմացա, որ Կոմիտասի պողոտայի վերջնամասում կառուցվում է եկեղեցի:


Այն տեղանքը, որտեղ գերակա էր դառնալու եկեղեցաշենքը, հայտնի է երևանցիներին: Այդտեղից վար լճակ էր` երիզված ծառերով: Ծայրում կամարաձև կամրջակ է, որի տակ ջրվիժակն էր: Կանաչ գոտի էր: Ազատության պողոտային կից մասում` կլորավուն դիտահարթակի տակ, սրճարան էր: Մարդիկ զբոսնում էին կամ նստում էին նստարաններին: Երեխաները ճռվողում էին: Հանգստի գեղագիտական անկյուն էր` ինքնատիպ, իսկական անակնկալներով, ոչ ցցուն հավելվածներով: Կոմիտասի պողոտայից մինչև Զարյան փողոց բնականորեն բացված, ծուռմռտիկ աստիճաններով ճամփա կար:
Կարապի լճի ավելի բնական տեսակն էր:


Այժմ մարդկային ապականասիրության հայկական դրսևորման վառ վկայությունն է դարձել այդ տեղը` նրան հարակից մասերով: Ես շատ կուզեի այդտեղ հանդիպում ունենալ մեր հանրապետության նախագահի կամ վարչապետի հետ, որպեսզի ցույց տայի կոնկրետ-լոկալ աղետներից մեկը` մանրամասներով, և ներկայացնելով այդ քաղաքամասը` հայտնեի օգնելու ցանկությունս` քիչումիչ հուշելով ամբողջ տեղանքը փրկելու գործնական ծրագրեր ու նպատակներ:


Եկեղեցու կառուցումը պետք է ավարտվեր 2015-ին (այդպես են ասել): Ես, որ սպասում էի եկեղեցու գործելուն, հիմա տարօրինակ զգացում ունեմ: Հիմա մեջս միայն ափսոսանք է, ցավ, բարկություն: Ինչո՞ւ:
1. Չգիտես որտեղից մեջտեղ եկավ մոմերի վաճառքի կետ` սրբանկարներով և զգոն վաճառողուհիով, ապա` մի խաչքար, անջուր ցայտաղբյուր: «Լամբադա» կամրջի ոլորքներից առաջացած բարձր մասում մետաղյա շինտնակ կա. այդտեղից էլ ամենայն հավանականությամբ ղեկավարվում է շենքի կառուցման և մոմավաճառության գործը: Այ հենց այդտեղ` տնակի ու մոմասեղանի միջև էր ծառը` միակը, որ մնացել էր նախկին մայթի ծառաշարից և այդ գողտրիկ անկյունից: Երկբուն էր, լայնասաղարթ, անհավակնոտ: Պատից ներս էր, բայց մի մեծ ճյուղով ստվերում էր նաև մայթը: Մի օր հերթական անգամ հաղթահարում էի մայթի զառիվերը, տեսա, որ շինարարներն ու վաճառողուհին են այդտեղ և մի ամբարձիչ: Հարցրի.
-Կարո՞ղ է ծառին բան է եղել:
-Չէ,- ասացին (թեև տնտղում էին ծառը), - էդ պադստավկան (մոմասեղան) ենք ուզում հանել:
Ես մի վայրկյան կանգ առա, ապա երկմտանքով գնացի: Հետդարձիս ծառն արդեն չկար: Ինչո՞ւ եմ գրում սրա մասին: Միայն ջղայնությունից ու տխրությունից չէ: Պարզունակ զգացում չէ: ՈՒզում եմ հետին թվով շնորհակալությունս հայտնել ծառին` ստացածս զովության, իր ինքնատիպության, սիրունության համար: Ափսոսանքս ասել: Գուցե և ներողություն խնդրել մարդկային հերթական ապերախտության ու անհոգիության համար:
Եվ հիմքում նաև զգացողությունն էր գարշ իրականության, կատարվածի, հերթական չար գործողության: Կար խաբեության փաստը: Կար խաբվածության ապրումը: Չէ՞ որ նրանք բոլորը ստեցին` թե՛ եկեղեցին կառուցողները, թե՛ մոմավաճառողուհին: Ստեցին նրանք:
Եվ էմոցիաս չէ, որ հիմա ինձ գրել է տալիս, այլ այն ահը, որ առաջացնում են սուտը, կեղծիքը, պղծությունը:


2. Եկեղեցու ստորոտին աշխատանքային հրապարակն էր. տարբեր մեխանիզմներ, տարբեր շինանյութեր` տախտակներ, ավազ, քար, շինարարների կենցաղային թափոններ, սինթետիկ հաստ պարկեր-ջվալներ: Փուլ առ փուլ, պրոցես առ պրոցես եկեղեցու շենքի արտաքինը բացահայտվում էր, բայց աշխատանքի վերջը չէր երևում: Շենքի բացվելու հետ նվազում էին շինհրապարակի տախտակները, նվազում էին փայտամածները, շինարարական աղմուկը: Բայց սինթետիկ ջվալները` չէ: Եվ ես տեսա, որ դրանք վրա-վրա լցված են եկեղեցու հիմնաշենքի մատույցում` զառիվերի երկայնքով և նոր, ավելի մանր քարուքռա է լցված դրանց վրա: Այսինքն, այդ ցածրոտ մասում (արդեն ծածկրտված ու պարտակված) կա սինթետիկ նյութ` ջվալների ու տարատեսակ աղբի տեսքով, որը դարեր շարունակ այլանդակելու է հողը: Մնալու է թշնամի բնական ամեն ինչին:
Այժմ սև հող են բերել, որ լցնեն` որպես էդ զառիվերի վերջին ծածկույթ, երես, երեսապատում:
Իսկ ես ամաչում եմ: Մեղա,՜ մեղա՜: Գուցե և նրանց փոխարեն: Ամաչում եմ անպատվության համար, որ պատճառվում է սրբազան եկեղեցուն, սուրբ հողին, կյանքի իմաստին, ներկային, ապագային: Ամաչում եմ այն ուրացման համար, որ հասցվում է հայ բյուրամյա շինարարական արվեստին, շինարարական մեր անզուգական վարպետներին` գործավորներին, քարագործներին, ճարտարապետներին (նրանք իրենց գործի ու եկեղեցու հավատավորներն էին ու նվիրյալները, արհեստավորներն ու արվեստավորները, մանավանդ եկեղեցի կառուցելիս, անգամ ուխտ էին անում, պահք էին պահում):
Նորակառույց տաճարը պիտի լիարժեք լինի, պիտի ուրախություն, ջերմություն, անարատություն սփռի շուրջբոլորը: Անշուշտ, Հայոց եկեղեցին, առնվազն որպես պատվիրատու, պիտի պահանջի մաքրել մեր եկեղեցու տարածքը չարից ու անբարոյից: Իսկ երբ հայ եկեղեցիներին բնորոշ ձևով կանաչապատվեն ու ծառապատվեն բակն ու շրջակայքը, կուզեի, որ արմատախիլ այն ծառի տեղը նորը տնկվի, որովհետև ոչ միայն ես ու նմաններս, հողն էլ է հիշում ու սպասում: Նա սպասում է իրենից ընձյուղվածին:


3. Ազատության պողոտայի մայթերի երկայնաձիգ ծառաշարքերը (այժմ` տեղ-տեղ ընդհատված) անցորդների հիացքն ու վայելքն են հարուցել ու հարուցում: Բայց հիմա կանադական այդ բարձրուղեշ և լայնաբաց թխկիներից չորսը հատվել են, իսկ մինչ այդ նրանք այն տասնմեկ ծառերից էին, որոնք ախտահարվել էին` բներին հատուկ քիմիական նյութեր լցնելուց: Այդ մասերի բնակիչները նախատինքով ասում են, որ այդ քանդիչ գործընթացը հատուկ պատվերով է արվել: Բայց ո՞ւմ, անպատկերացնելի է:
Որպես ամփոփում տամ այդ մասի (նախկինում` գեղագիտական, գողտրիկ) ներկա նկարագիրը. հողածածկ ծառեր, անտերունչների որջերից` թունելատիպ կառույցներից, հանված «զիբիլով» պատված նախկին ջրատարածք, քարուքանդ կամրջակ, ինչ-որ մեկի երկհարկ կիսակառույցի բետոնե կմախք և անտերության տարակույսներով ու տոլստոյական «ինչո՞ւ, ինչի՞ համար»-ով մարդկանց դիմող, կիսաողջ թփեր և անհայտ ճակատագրով ծառեր:
Այնինչ այստեղ համալիր լայնահուն վերաբերմունքով կարելի է հակառակ պատկերն ունենալ, վերականգնել լճակն էլ, կամրջակն էլ, ջրվիժակն էլ, հանգստի գոտին էլ` նստարաններով ու դեկորատիվ հավելումներով: Միայն թե մարդկային հոգածությունն ու մասնագիտական հմտությունները մեկտեղվեն, և լծակավոր պաշտոնյաները գործարարի ու հանրության շահերով առաջնորդվելով` դրականություն ստեղծեն, ի վերջո խնդիր լուծեն, վերացնեն պրոբլեմը, իսկ ավելի լավ կլինի` հեռագնա, հիմնարար գործ անեն:


Լաուրա ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դիտվել է՝ 2039

Մեկնաբանություններ